Աբովյան Խաչատուր՝   Առաջին սերը
stringlengths
1
3.49k
— Ղո՜ւ, ղո՛ւ, տղա՛, չե՞ս նըկատում,Էլ արյուն չի ոտից կաթում.
Ոտնամանը ոտինն է բուն,
Բարով տանես քու հարսնացուն:
Էսպես մնչում են, հետո ցած են թռչում, մինը Մոխրոտի աջ ուսին է բազմում, մյուսը ձախ ուսին:
Ու էդպես էլ մնում են:
Հարսանիքի ժամանակ Մոխրոտի խորթ քույրերն էլ են գալիս, որ իրենց վրա էլ կաթի նրա բախտիցը, ու իբրև թե ուրախանում են:
Պսակ գնալիս մեծը Մոխրոտի աջ կողմն է կանգնում, փոքրը ձախ կողմը, ու աղունակները մեծի աջ աչքն են հանում, փոքրի ձախ աչքը:
Պսակից ետ գալիս մեծը ձախ կողմն է անցնում, փոքրը աջ կողմը:
Էս անգամ էլ աղունակները մեծի ձախ աչքն են հանում, փոքրի աջ աչքը, ու թողնում:
Ու էսպես, երկուսն էլ իրենց չարությունից կուրանում են, ու ամբողջ իրենց կյանքում էլ մնում են կույր:
ՃԵՐՄԱԿ ՕՁԸ
Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում:
Ոչ մի բան չի մնում նրանից ծածուկ. ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս:
Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում. ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծառան էլ չի գնում ու ինքը չի մնում մեն-մենակ:
Էսպես քաշում է բավական ժամանակ:
Մի անգամ էլ էս տանող ծառային էնպես մի հետաքրքրություն է տիրում, որ էլ չի կարողանում ինքն իրեն դիմադրի, ամանը առնում է տանում իրեն սենյակը:
Սենյակի դուռն զգույշ դնում է, ամանի խուփը ետ քաշում:
Տեսնում է միջին մի եփած ճերմակ օձ:
Էլ չի կարենում իրեն պահի, մի կտոր կտրում է դնում բերանը:
Լեզվին է տալիս թե չէ-հանկարծ պատուհանի տակիցը մի զվարթ ղըժվըժոց է լսվում:
Ականջ է դնում, տեսնում է ճնճղուկներն են, զրույց են անում, զանազան պատմություններ են պատմում անտառներից ու դաշտերից:
Դու մի՜ ասիլ` էս մեր ծառան օձի միսն ուտելուն պես կենդանիների լեզուն հասկանալու շնորհք է ստացել:
Էնպես է պատահում, որ հենց էդ ժամանակ թագուհու հրաշալի մատանին կորչում է, ու կասկածն ընկնում է էս նույն հավատարիմ ծառայի վրա, որ ամեն տեղ ազատ ել ու մուտք ուներ:
Ասում են` կա չկա, սա է գողացել մատանին:
Թագավորը ծառային կանչում է իր մոտ, սասանում, որ եթե մինչև, մյուս օրը գողի անունը չտա` գլուխը կթռչի:
Էս ծառան ինչքան երդում-կրակն է ընկնում, թե ինքն անմեղ է` բան չի դառնում:
Էսպես սպառնալիքով էլ բաց է թողնում ու մինչև մյուս օրը ժամանակ է տալիս:
Ահուդողով խեղճը բակն է իջնում, միտք է անում, թե ինչ անի, որ պրծնի էս փորձանքից:
Գնում է տեսնում բադերը բակում ջրափին հավաքված իրար կողք կտրած հանգստանում են:
Տափակ կտուցներով մաքրում են փետուրներն ու մի հետաքրքրական զրույց են անում:
Պատմում են, թե էսօր որը որտեղ է որոնել առավոտը ու ինչ համով կեր է գտել իր համար:
Մինը վեր է կալնում, թե.
— Իսկ ես ագահի նման կուլ տվի թագուհու մատանին, որ պատուհանի տակ ընկած էր, դրանից ստամոքսս մի տեսակ ծանր է, ճնշում է...
Ծառան տեղն ու տեղը վրա է թռչում էս ասող բադի վզիցը բռնում, վազում խոհանոց:
Խոհարարին ասում է.
— Հապա մի էս բադը մորթի... բավական գերացել է...
— Հա՛, ճիշտ ես ասում, — պատասխանում է խոհարարը, ձեռքին ծանր ու թեթև անելով, ուտելու համար բավական նեղություն է տվել իրեն:
Խորոված անելու ժամանակն է:
Ասում է ու վիզը թռցնում:
Փորն իստակելիս — ըհը՛, դուրս է գալիս թագուհու կորած մատանին:
Իհարկե սրանով էլ պարզվում է հավատարիմ ծառայի անմեղությունը:
Բայց որովհետև թագավորն էլ ուզում էր իր մեղքը մի տեսակ քավի, առաջարկում է նրան մի բան խնդրի, ինչ որ սիրտը կուզի:
Խոստանում է` պալատական ինչ պաշտոն էլ ուզի` տա:
Ծառան հրաժարվում է ամեն պատվից ու պաշտոնից, միայն խնդրում է, որ իրեն մի ձի տա, մի քիչ ծախսի փող, և ազատություն, որ գնա ճանապարհորդի, աշխարհք տեսնի:
Թագավորը համաձայնվում է, ձի էլ է տալիս, ճամփու ծախս էլ. ու մեր ծառան ճանապարհ է ընկնում գնում:
Թումանյան Հովհաննես՝   Թարգմանություններ և փոխադրություններ
Գնում է, գնում, շատ է գնում թե քիչ, էդ էլ աստված գիտի. մի ջրի ափից անց կենալիս տեսնում է` երեք ձուկը, ոնց է եղել, ընկել են ափի ծանծաղուտը, եղեգնուտի մեջ թըպըրտում են, ու անջուր տանջվում:
Թեկուզ և ասած է «անխոս ձուկը», սակայն մեր հերոսը պարզ լսում է, թե իրեն տեսնելուն պես ինչպես էն խոսում էն ձկներն ու գանգատվում իրենց դառը վախճանի վրա:
Էս որ լսում է, մեղքը գալիս է:
Ձիուց իջնում է, սրանց վեր առնում ետ ածում ջուրը:
Խեղճ կենդանիները ուրախ-ուրախ սուզվում են ջրի տակը, ապա գլխիկները դուրս են հանում ու կանչում. «Մենք քու արած լավությունը չենք մոռանալ, ազնիվ տղա. երբևիցե մի օր էլ մենք քեզ պետքը կգանք»:
Երիտասարդը էստեղից վեր է կենում գնում:
Մի քիչ գնում է, մին էլ թվում է, թե հենց իրեն ոտների տակից մի բարակ, նվազ ձեն է գալիս:
Ներքև է նայում, տեսնում է մրջյունների մի բազմություն է ղըժվըժում գետնի վրա, ականջ է դնում, որ խեղճերը սարսափած լաց են լինում ու էսպես խոսում.
— Ա՜խ, ինչ կլիներ, որ էս մարդիկ ու կոպիտ կենդանիները մեզնից հեռու ման գային:
Հիմի էս հիմար ձին, առանց ափսոսալու, իր ծանր սմբակներով կըկոխկըրտի իմ մարդկանց ու մեր բնակարանները:
Երիտասարդի մեղքն եկավ:
Ձիու գլուխը ծռեց դեպի կողքի շավիղը, իսկ մրջյունների թագավորը ետևից կանչեց. «Շնորհակալ եմ, բարի հոգի:
Թե աստված կտա, քո պարտքի տակ չենք մնալ մենք»:
Էն նեղ շավիղն էլ, որ բռնում է տղեն, դեպի անտառն էր տանում:
Անտառն է մտնում, տեսնում է` երկու պառավ ագռավ իրենց ճուտերին բներից ներքև են թափում ու կռավում են.
— Հենց միշտ հո մենք չենք ձեզ կերակրելու:
Գնացեք ձեզ համար կեր ճարեցեք, ապրեցեք:
Թշվառ ճուտերը խոտերի մեջ թափված, թևերին են անում ու խղճալի ճվճվում.
— Մենք խեղճ ճուտեր, փոքրիկ ձագերՈ՞ւրտից գտնենք մեզ տեղ ու կեր,
Ոչ թև ունենք, ոչ բուն ունենք,
Մենք ո՞ւր գնանք, մենք ի՞նչ անենք...
Երիտասարդի մեղքը գալիս է. առանց երկար ու բարակ մտածելու ունեցած-չունեցած հացը հանում է, տալիս ագռավի ճուտերին, որ ուտեն:
«Շնորհակալ ենք, — կանչում են ագռավի ճուտերը:
— Քո արած լավությունը մի օր ետ կվճարենք»:
Ու վեր է կենում երիտասարդը էստեղից ճամփա է ընկնում, գնում:
Գնում է, գնում, հասնում է մի մեծ քաղաք:
Տեսնում է` էս քաղաքում ժողովուրդն իրարով է անցել, լցվել փողոցները. մի անասելի-անպատմելի աղմուկ-աղաղակ, հարա-հրոց:
Մինն էլ ձի նստած` փողոցե-փողոց անց է կենում ու կանչում.
— Թագավորի աղջիկը իրեն համար փեսացու է ընտրում:
Ով ուզում է նրա փեսան դառնա — մի դժար գործ պետք է կատարի, թե կատարեց — լավ, թե չէ հո` գլուխը կթռչի:
Շատերն էին փորձել թագավորի աղջկա առաջարկը կատարելու, միայն իրենց կյանքն էին զուր խորտակել:
Բայց մեր երիտասարդը հենց թագավորի աղջկանը տեսնում է թե չէ` էնպես է խելքը կորցնում նրա գեղեցկությունից, որ ամեն փորձանք ու ամեն վտանգ մտքիցը հանում է, գլխիցը ձեռք է քաշում, ներկայանում թագավորին, թե` քո աղջիկը ուզում եմ:
Էստեղից թագավորի հրամանով տղին տանում են ծովի ափը ու մի ոսկի մատանի գցում ծովի մեջ:
Թագավորն ասում է.
— Էս մատանին պետք է ծովի անդունդից հանես:
Թե հանեցիր, հո իմ աղջիկը քոնն է, թե չէ առանց մատանի լուս աշխարհք դուս եկար, նորից կգցեն ծովը, մինչև որ կամ հանես կամ խեղդվես:
Ամենքը ափսոսում են գեղեցիկ երիտասարդին, որ մենակ կանգնած էր ծովի ափին:
Ու ծովափին կանգնած` նա միտք է անում, թե` ինչ անեմ, տեր աստված:
Հենց էս ժամանակ տեսնում է ալիքների մեջ երեք ձուկը լողում են դեպ իրեն. էն երեք ձուկը, որոնց կյանքը ինքը փրկել էր մի ժամանակ:
Մեջտեղի ձուկը բերանում բռնած մի խեցի է բերում. բերում է, բերում, դնում երիտասարդի առաջին:
Երիտասարդը վերցնում է, տեսնում է` ոսկի մատանին մեջը:
Ուրախ-ուրախ մատանին առնում է, տանում տալիս թագավորին, էն հուսով թե խոստացած պարգևը պիտի ստանա:
Բայց գոռոզ թագավորի աղջիկը հենց որ իմանում է, թե երիտասարդը ծագումով իրեն հավասարը չի` երեսը շուռ է տալիս ու մի նոր խնդիր առաջարկում:
Իջնում է այգին ու ինքն իր ձեռքով տասը տոպրակ կորեկ շաղ տալիս, ասում է.
— Մինչև էգուց առավոտ` արևի ծագումը` պետք է էս կորեկը հավաքես, էնպես, որ ոչ մինը չկորչի:
Թե հավաքեցիր, հո լավ, թե չէ` գլուխդ կթռչի:
Այգում նստում է ու միտք է անում երիտասարդը, թե ինչ հնար գործ դնի, որ կարողանա էս մի առաջարկն էլ գլուխ բերի:
Ոչ մի ճար ու հնար չի գտնում, ու տխուր-տրտում նստած սպասում է, թե հրես առավոտը լուսին կգան, կտանեն գլուխը կտրել տալու:
Միտք է անում միտք, մինչև թմրում է, քունը հաղթում է ու էս մտքի մեջ էլ քնում է:
Առավոտը աչքը բաց է անում` որ տասը տոպրակ կորեկ կողք-կողքի դիմհար տված առաջին շարած են, գետինն էլ մի հատ կորեկ չի մնացել:
Դու մի՜ ասիլ` էդ գիշեր մրջյունների թագավորն իր անթիվ ու անհամար մրջյուներով եկել է, ու երախտագետ մրջյունները շաղ տված կորեկը հավաքել են, լցրել տոպրակները` իրար կողքի շարել:
Թագավորի աղջիկն ինքն իր ոտով գալիս է այգին, իր աչքովը տեսնում է, որ երիտասարդը իր էս առաջարկն էլ է կատարել, զարմանում է, բայց իր գոռոզությունից չի կոտրվում, ասում է.
— Թեև երկու առաջարկս էլ կատարեցիր, բայց դու չես կարող դառնալ իմ ամուսինը, մինչև ինձ համար չբերես կյանքի ծառի խնձորը:
Երիտասարդը իր օրումը լսած չի լինում, թե ինչ բան է կյանքի ծառը կամ որտեղ է բուսնում: