Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքին ու արդյունքներին է անդրադարձել BBC-ն՝ նշելով, որ ընդդիմությունն ու անկախ եվրոպական դիտորդները լուրջ խախտումներ են արձանագրել դրա ընթացքում: | |
«Եվրոպայի խորհրդի մի շարք պատգամավորներ նշել են, որ ընտրացուցակները ճշգրիտ չէին, եւ չափազանց շատ քաղաքացիներ են սահմանադրական փոփոխություններն ընկալել որպես Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման համար գործիք», - գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ Սարգսյանը կարող է 2018-ին դառնալ լայն լիազորություններով վարչապետ: | |
Ըստ BBC-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նմանատիպ մտահոգություն է հայտնել քվեարկության վերաբերյալ՝ ասելով, որ հանրաքվեի ողջ գործընթացի վրա ստվեր է գցել հանրային բանավեճի պակասը: Ըստ ԵԽԽՎ գնահատականի, ցածր մասնակցությունը բացատրվում է նրանով, որ [սահմանադրության փոփոխությունների] շարժառիթը քաղաքական նպատակահարմարությունն է, այլ ոչ թե հայաստանյան հասարակության պահանջները: | |
«Փոփոխությունները քաղաքացիների խիստ զգալի մասի կողմից ընկալվել են որպես գործող նախագահի համար միջոց՝ իր իշխանությունը երկրորդ եւ վերջին նախագահական ժամկետի ավարտից հետո պահելու համար», - ԵԽԽՎ գնահատականն է մեջբերոմ BBC-ն՝ ընդգծելով, որ ԵԽ-ը Եվրոպայի հիմնական իրավապաշտպան կառույցն է: | |
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լենե Վեթթերլանդը իր հերթին հիասթափություն է հայտնել թե՛ քարոզարշավի ընթացքի, թե՛ բուն քվեարկության վերաբերյալ: | |
«Իշխող ՀՀԿ-ն լուրջ ճնշում է գործադրել ինչպես դիտորդների, այնպես էլ լրագրողների նկատմամբ», - ասել է նա, փոխանցում է BBC-ն: | |
. | |