Karen
Adding topic separated texts
ddeb3a3
ՀՀ գլխավոր դատախազությունն ընդունել է ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի կողմից ներկայացրած՝ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը թվով 5 ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի կեղծման վերաբերյալ դիմում:
ՀՀ գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ քվեարկության արդյունքները կեղծելը:
Համաձայն աղբյուրի, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված  աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 23-ի դրությամբ ուսումնասիրվել է  487 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների  և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/:
Դրանցից 428-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 14 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 45 դեպքով հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Զուրաբյանը կատարված հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել երկրի Գլխավոր դատախազին՝ սահմանադրական հանրաքվեի օրը հինգ ընտրատեղամասերում տվյալների կեղծման փաստերի շուրջ:
Այդ կեղծիքների արդյունքում, Զուրաբյանի պնդմամբ՝ փոխվել են տեղամասային հանձնաժողովում արձանագրված արդյունքները:
Համեմատելով հինգ ընտրատեղամասերի ամփոփիչ արձանագրությունների քաղվածքները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական տվյալները՝ ՀԱԿ-ը հայտնաբերել էր, որ «այո»-ի քվեները «մի քանի անգամ ավելացվել են, իսկ «ոչ»-ինը՝ պակասեցվել»: