Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
16.2 kB
Հասկանալի եւ օրինաչափ համարելով այն հանգամանքը, որ իշխանությունների բացարձակ վերահսկողության տակ գտնվող հանրային հեռուստաընկերության լրատվական գլխավոր ծրագիրը, նախեւառաջ, պետք է զբաղվի պաշտոնական լրահոսը ապահովելով եւ, օրինակ՝ կառավարության գործունեության՝ բացառապես հաջողած կամ հաջողության հասնելու հույս պարունակող եզակի գործերը ներկայացնելով, իսկ ձախողումները՝ հասարակությունից համառորեն թաքցնելով, այդուհանդերձ, բոլորովին նոր եւ վտանգավոր երեւույթ է նշմարվում վերոհիշյալ հեռուստաընկերության՝ վերջին շրջանում որդեգրած աշխատելաոճի մեջ: 
Համառոտակի անդրադառնալով մարտի 19-ի երեկոյան գլխավոր լրատավական ծրագրի ներկայացրած նյութերի բովանդակությանը՝ դժվար չէ կռահել վերոհիշյալ վտանգավոր երեւույթի առաջացրած մտահոգության ողջ էությունը:
Բնականաբար, շրջանցել Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, առաջին լրատվականը չէր կարող: Այստեղ էլ, բնականաբար, հատուկ կարեւորվում է, որ Սերժ Սարգսյանը առիթը բաց չի թողել խոսել Ցեղասպանության մասին, խոսել է, խոսել ու ինքնագրերի պես աջ ու ձախ շնորհակալություններ բաժանել՝ Ցեղասպանությունը քիչ թե շատ հիշելու համար:
Կառավարության նիստի լուսաբանման ռեպորտաժում, առաջին հերթին, նշվում է դահլիճի ծաղիկների գույնը դեղինից՝ անմոռուկի մանուշակագույնի փոփոխության մասին:  Այնուհետեւ ներկայացվում են հայրենական կառավարության՝ գերազանցապես սոցիալ-տնտեսական նիստի ընթացքում ընդունած՝ տնտեսությանն ու արդյունաբերությանը նոր զարկ հաղորդող որոշումները, հաղորդավարի՝ «բակում, այժմ էլ օմբուդսմենի միջոցով իրենց պարտքերը պահանջող նաիրիտցիների բողոքի ներքո»  հեգնական վերջաբանով, որովհետեւ իրական խնդրով կառավարության շենքի դիմաց (ինչը, պարզվում է՝ բակ է ) հավաքված մի քանի հարյուր ցուցարարների եւ իրենց բողոքի ճակատագրի մասին որեւէ այլ տեղեկություն հանրայինը այդպես էլ չներկայացրեց:
Փոխարենը՝ «Հայկական հողը պատրաստ է ընդունել տեխնոլոգիական նորամուծություններ» վերնագրով լուրն ազդարարում է, որ Տավուշում այսուհետեւ դեղձ, սալոր եւ կեռաս կարող են ստանալ իտալական տեխնոլոգիաներով: Դեռեւս նախորդ տարվա օգոստոսից իրենց այրված այգիների համար փոխհատուցում պահանջող Ներքին Կարմիրաղբյուրի տուժած գյուղացիներին իտալական տեխնոլոգիաների ներմուծումը մխիթարելո՞ւ է, մոխիր դարձաձ այգիները նորից ծաղկելո՞ւ են, թե՞ այս ամենի արդյունքում, գիշեր-ցերեկ կրակոցների տակ ապրող ամբողջ մարզը պաշտպանություն է ստանալու իտալական ծառերի շուքի տակ:
Բայց կարծես թե շեղվեցինք: Կառավարության ընդունած ազգանպաստ եւ ազգապահպան՝ Ցեղասպանությունը վերապրած եւ Հայաստանում ապրող 33 տարեցների կենսաթոշակները քառապատկելու որոշումը եւս մեկ անգամ ապացուցում է իշխանավորների հոգատարության անսահմանությունը: Մնացած որոշումները, որ ընդունել էր կառավարությունը, իհարկե, նպաստելու են բիզնեսի զարգացմանը, բայց այդ մասին, նախ, պետք է քիչ խոսել, որ աչքով չտան, եւ երկրորդն էլ՝ քիչ խոսեն, որովհետեւ առջեւում Ցեղասպանության 100-ամյակն է, հետեւաբար՝ ծրագրի մնացած ամբողջ ժամանակը պետք է հագեցնել միայն ու միայն այդ իրադարձությանը վերաբերող նյութերով: Սակայն մեկ տեղեկություն էլ, որ անհնար էր չներկայացնել, դժբախտաբար, մեր հասարակությանը սթափեցնելու վերջին փորձերից էր, եւ այն էլ՝ ողբերգական:
«Անտեսելով սեփական ռազմատենչ քաղաքականությունը սանձելու՝ միջազգային հանրության քաղաքական ու իրավական բոլոր նորմերն ու կոչերը, Ադրբեջանը հերթական արկածախնդիր քայլին է դիմել...»,- ահա այսպես է սկսվում հերթական դիվերսիայի մասին պատմող ռեպորտաժը, որից մեր հանրությունը, եւս մեկ անգամ, պարտավոր է համոզվել, որ կա՛մ աշխարհն է դրանց վատ բացատրում, կա՛մ էլ իրենք են շատ վատ հասկանում, որ չի կարելի մեզ հետ կռվել, ոչ մի դեպքում չի կարելի, որովհետեւ իրենց զոհերի թիվը միշտ եռապատիկ է լինում, որովհետեւ մեր իշխանությունները ազնվորեն խոստացել են՝ ոչ մի թիզ հող չեն հանձնելու, ուստի՝ չի կարելի, ու վերջ: Միեւնույն ժամանակ, հանրությունը հավուր պատշաճի պետք է սգա մեր երեք զինվորների մահը: Ի դեպ, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի մոտ հավաքված քաղաքացիների՝ զոհվածների հոգու հանգստության համար կազմակերպած մոմավառության լուսաբանումն էլ, ըստ երևույթին, նպատակ էր հետապնդում իրականությունը ներկայացնել մանուշակագույն երանգներով՝ կրկին թաքցնելով խնդիրների խորքային պատճառներն ու բոլոր հնարավոր հետեւանքները: Թե ի՞նչ է Ղարաբաղյան հակամարտությունը, ըստ էության, մեզանում քչերը գիտեն, առհասարակ, ինչպե՞ս են սկսվում եւ ավարտվում պատերազմները, ինչպե՞ս է պետք լուծել նման հակամարտությունները՝ ոչ մեկին, կարծես թե, չի հետաքրքրում, որովհետեւ մեզ ասել են, որ մեր ճակատագիրը հենց անդադար պատերազմ է…
Ահա այն պահից սկսած, երբ մեր հասարկությունը լիովին համոզվել է, որ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի քիչ տղայություն է արել, կառավարությունը նպաստավոր որոշումներ է ընդունել, իսկ սահմանը առաջվա պես անառիկ է, ժամանակն է մինչեւ վերջ խոսել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների մասին, չէ՞ որ նման իրադարձություն, իսկապես՝ 100 տարին մեկ է լինում: Լրահոսը այս առիթով, հեղեղված է բոցաշունչ հայտարարություններով.
«Հիշել, հիշեցնել եւ պահանջել»՝ այս երեք բառերի մեջ է խտացված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ Ցեղասպանության միջոցառումներին նվիրված գործունեության իմաստը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը պահանջում է արդարություն եւ ասում, որ մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու անհատական կալվածքները ցեղասպան թուրքի կողմից բռնագրավված են: Վեհափառը նշում է նաեւ, որ իրավական թղթածրար է պատրաստվում՝ պահանջելու Սսի պատմական կաթողիկոսարանը: Այս ուղղությամբ Հայաստանի պետության դերը խիստ կարեւոր է, եւ այն առաջնորդողի դեր պետք է ստանձնի:
Իրանագետ Կարեն Մկրտյանը մամուլի ասուլիսում նշել է, որ Ցեղասպանությունը դատապարտող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների եւ մշակույթի կազմակերպության համատեղ հայտարարությունը շատ կարեւոր եւ գնահատելի է: Իրանագետն այստեղից հետեւություն է արել, որ այս հայտարարությունը կարելի է համարել Իրանի՝ որպես կրոնապետության, բարձրագույն իշխանության դիրքորոշում Ցեղասպանության հարցի վերաբերյալ:
Բեյրութում էլ ծեծկռտուք էր տեղի ունեցել հայ եւ թուրք երիտասարդների միջեւ: Պատճառը թուրքերի կազմակերպած՝ Գալիպոլիի պատերազմի մասին «Վերջին նամակը» վերնագրով  ֆիլմի ցուցադրությունն էր: Բեյրութի դաշնակցական երիտասարդները ֆիլմի ցուցադրման վայրում՝ թուրքական դեսպանատան դիմաց, բողոքի ցույց էին կազմակերպել: Արդյունքում՝ բախումներ:
«Հայոց Ցեղասպանության հարցը հայ ժողովրդի համար, ոգեկոչումից զատ՝ նաեւ ազգային անվտանգության խնդիր է»: Այս մասին էլ միջազգային լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:  Միջազգային լրահոսը հանրությանը շունչ քաշելու բացառիկ հնարավորություն է տալիս, որովհետեւ այն սարսափելի ամենինչը, որ կատարվում է աշխարհում, մեզ մխիթարելու է եւ ուժ է տալու՝ մեր բաժին փորձությունները հաղթահարելու համար: Իսկ հընթացս նետված տեղեկատվությունն այն մասին, որ Սահմանադրական բարեփոխումները իսկապես կոչված են մեր կյանքը բարելավելու, վերջնականապես պետք է հանրության սիրտը տեղը գցի եւ նոր տեղ բացի՝ Ցեղասպանության մասին հաջորդ լուրերը մարսելու համար:
ԱՄՆ 16 կազմակերպություն միասնական նամակով դիմել են նախագահ Բարաք Օբամային՝ հորդորելով ընդունել ապրիլի 24-ին Երեւան այցի հրավերը: Ճանաչման ցուցապաստառներ, ոճիրը դատապարտող վահանակներ, գրքային լոբբինգ, քայլարշավ ու երթեր. այս ամենը մեկ ամսից՝ Լոս Անջելեսում: Մերոնց կմիանա նաեւ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, որը իր նստավայրը մի ամբողջ շաբաթ կտրամադրի միջոցառումներին, դեռ ավելին՝ շենքի սպիտակ քարերը կզգեստափոխվեն անմոռուկի՝ հավերժություն խորհրդանշող գույնով: Ու մի մեծ ռեպորտաժ էլ՝ Լոսից, ավելի շատ մանրամասներով:
Հավատացեք, այսքանով Հայլուրը չէր սահմանափակվել, սակայն պատկերն ավելի քան պարզ է: Մտահոգությունը, որ պաշտոնական լրատվությունը աշխարհի ամենատարբեր երկրներում տարատեսակ մարտավարություններ է կիրառում՝ հասարակության վրա իր ազդեցությունը պահելու նպատակով, ինքնին՝ նորություն չէ: Մեզանում, սակայն, իշխանության նման գործելաոճը ասպատակում է բանականության բոլոր սահմանները: Այսչափ մոլորեցնել հասարակությանը, որի առանց այդ էլ շատ ստվար հատվածն է համարձակվում, Սերժ Սարգսյանի բացահայտ բռնակալության պայմաններում, պաշտպանել եւ իրացնել սեփական ազատ խոսքի, մտքի արտահայտման իրավունքը, անտարակույս՝ աղետաբեր է լինելու ողջ երկրի համար: Իսկ թե ինչո՞ւ, բացատրելու կարիք չկա, որովհետեւ բոլոր նրանք, ում առօրյան համընկնում է հայլուրական ներկայացման բովանդակության հետ, իշխանական կերակրատաշտի կողքը հավաքված մի զանգված է, որ  կատարում է վերեւից եկող հրահանգները եւ ժամանակ չունի պարզապես չորսկողմը նայելու եւ իրականությունը տեսնելու համար: Եվ բացատրել նրանց, որ ծայրահեղ աղքատության եւ ժողովրդագրական աղետի մեջ գտնվող երկրում, երեկոյան գլխավոր լրատվականով գրեթե կես ժամ Ցեղասպանության պահանջատիրական գաղափարախոսության քարոզումը, մեղմ ասած, սխալ է, նույնքան սխալ մոտեցում կլինի, միեւնույն է՝ չեն հասկանա, քանի դեռ պետություն կառավարելը շփոթել են գողությամբ գործարարությամբ զբաղվելու հետ: Երբ խոսք եղավ կառավարության մարտի 19-ի նիստի մասին, պատահական չէր, որ հիշատակվեց շենքի դիմաց (այլ ոչ բակում) հավաքված նաիրիտցիների մասին: Բողոքավոր այսպիսի խմբեր շատ կան Հայաստանում, եւ որպեսզի հասկանաս հեռուստատեսային գաղջ քարոզչության սնանկությունը, հարկավոր է մեկ անգամ դեն նետել հեռուստացույցի վահանակը, իջնել փողոց եւ տեսնել իրականությունը, եւ հետո նոր որոշել՝ ումից եւ ինչ ենք պահանջելու:
Սերգո Տոնոյան